Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է 2010 թվականին բացառիկ հաջողություններ արձանագրած սպորտի եւ մշակույթի բնագավառների ներկայացուցիչներին:
Բակո Սահակյանը նշել է, որ այդ հաջողությունները կարեւոր են ինչպես մեր հանրապետությունում սպորտի եւ մշակույթի զարգացման, այնպես էլ քաղաքական տեսանկյունից՝ հանդիսանալով Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու, միջազգային ասպարեզում պատշաճ կերպով ներկայանալու եւ քաղաքակիրթ հանրության շրջանում արժանավայել տեղ զբաղեցնելու լավագույն միջոցներից մեկը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի մարզիկների եւ մշակույթի ներկայացուցիչների հաղթանակները բոլոր հայերի հաջողությունն է` Արցախում, Հայաստանում թե Սփյուռքում:
Նախագահը դրամական պարգեւներ եւ արժեքավոր նվերներ է հանձնել բացառիկ հաջողություններ արձանագրած սպորտի եւ մշակույթի բնագավառների ներկայացուցիչներին՝ նշելով, որ սպորտի եւ մշակույթի ոլորտները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ այսուհետ էլ կարվի հնարավորը այս բնագավառների զարգացման ուղղությամբ:
Միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք:
2010-12-28