Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի գրողների միության անդամ Արտեմ Հարությունյանին, սփյուռքահայ գրողներ Պետրս Սուրյանին եւ Արամ Արքունին: Հանդիպման ընթացքում քննարկվել են գրականության բնագավառում Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցությանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գրականության բնագավառը համահայկական ինտեգրացիոն գործողությունների կարեւորագույն ոլորտներից մեկն է, որը մեծապես նպաստում է մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանն ու հայկական ինքնության պահպանմանը: Բակո Սահակյանը նշել է, որ համահայկական գրական միասնական դաշտի զարգացման գործում կարեւոր է պետության, ինչպես նաեւ հասարակական սեկտորի ջանքերի համադրումը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը եւ Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը: