ԼՂՀ Նախագահի մոտ տեղի է ունեցել “Ազատ Արցախ” թերթի մի խումբ աշխատակիցներին պետական պարգեւների եւ արժեքավոր նվերների հանձնման արարողությունը
"Ազատ Արցախ" թերթի 85-ամյա հոբելյանի կապակցությամբ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը վերջերս ստորագրել էր հրամանագիր թերթի մի խումբ աշխատակիցներին պետական պարգեւներով եւ արժեքավոր նվերներով պարգեւատրելու մասին: Այսօր` փետրվարի 24-ին, Նախագահի մոտ տեղի է ունեցել պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը: Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին եւ նշել, որ այդ պարգեւները նաեւ թերթի ողջ խմբագրակազմի երկարամյա գործունեության արժեւորումն են: Դրական գնահատելով "Ազատ Արցախ" թերթի աշխատանքը, երկրի ղեկավարը միաժամանակ ընդգծել է պարբերականը ժամանակակից պահանջներին համապատասխան տեսնելու իր շահագրգռվածությունը: Այդ նպատակով, ըստ Նախագահի, ԼՂՀ իշխանությունները անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն թերթի աշխատակիցների սոցիալական եւ աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ: