Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին այցելել է Ֆրանսիայի Ազգային ժողով եւ հանդիպել մի խումբ պատգամավորների հետ:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի Ազգային ժողովի դերակատարությունը մեր երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում՝ այն համարելով կարեւոր թե քաղաքական եւ թե մարդասիրական տեսանկյուններից:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբին եւ նրա նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին ղարաբաղյան հիմնախնդիրը օբյեկտիվորեն ներկայացնելու, Եվրոպայում Արցախի ճանաչելիությանը նպաստելու եւ Մեծ Եղեռնի ճանաչմանն ուղղված հետեւողական ջանքերի համար:
Հանդիպման ընթացքում արծարծվել է Արցախի ներքին եւ արտաքին կյանքին, տարածաշրջանային քաղաքականությանը եւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք:
2011-03-08