Խորհրդակցություն նվիրված հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հարցերին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հարցերին: Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախի հանրային հեռուստատեսության հաղորդումների հեռարձակման տարածքի ընդլայնմանը, այդ թվում՝ Սփյուռքում: Երկրի ղեկավարը նշել է, որ այդ գործընթացն ունի ռազմավարական նշանակություն մեր հանրապետության համար, քանի որ նպաստում է եւ արտերկրում Արցախի ճանաչելության գործընթացին, եւ ներհայկական կապերի ամրապնդմանը: Բակո Սահակյանը ողջունել է այս գործընթացին սատարելու Սփյուռքի մեր հայրենակիցների պատրաստակամությունը՝ այն համարելով նախաձեռնության հաջող ընթացքի կարեւոր գրավականներից մեկը: Խորհրդակցությանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: