Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 3-ին տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ իշխանության օրենսդիր, գործադիր մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Խորհրդակցությանը քննարկվել են պաշտպանության բանակի հետ համագործակցության հարցեր:
Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ մեր պետության ու ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը պաշտպանության բանակն է, որի մարտունակության բարձր մակարդակը հանդիսանում է տարածաշրջանում կայունության պահպանման եւ հարեւան պետությանը ապակառուցողական քայլերից զերծ պահելու կարեւորագույն գործոններից մեկը:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ արդի ժամանակահատվածում անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել բանակ-հասարակություն հարաբերությունները նոր մակարդակի հասցնելուն ուղղված խնդիրներն ու միջոցառումները: Այս համատեքստում Նախագահը կարեւորել է պաշտոնյաների եւ հասարակական հատվածի ներկայացուցիչների ավելի հաճախակի այցելությունները զորամասեր, տեղում հանդիպումները անձնակազմի հետ եւ անհրաժեշտ օգնության ցուցաբերումը՝ բանակի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործին նպաստելու համար:
Խորհրդակցության ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել քաղաքացիական պաշտպանության հիմնախնդիրներին:
Ելույթներով հանդես են եկել նաեւ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՊԲ շտաբի պետ Լեւոն Մնացականյանը, փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:
Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
2011-02-03