Արցախի Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներ
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել է Արցախի Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Երկրի ղեկավարն այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների եւ Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմաքարերին: Պատասխանելով հակամարտության կարգավորման վերջին զարգացումներին վերաբերող լրագրողների հարցերին` Նախագահը նշել է, որ Ադրբեջանի կողմից տարբեր միջազգային ատյաններում զանազան փաստաթղթերի եւ որոշումների ընդունմանն ուղղված ջանքերը միմիայն բարդացնում են հակամարտության կարգավորման գործընթացը եւ չեն կարող որեւէ կերպ ազդել մեր դիրքորոշման վրա: <<Արցախի ժողովուրդն իր որոշումը կայացրել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, այն հաստատել է նույն թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի ժամանակ, պաշտպանել Արցախի անկախությունն ու ազատությունը մեզ պարտադրված պատերազմում, եւս մեկ անգամ վերահաստատել իր կամքը 2006 թվականի դեկտեմբերի 10-ին` Սահմանադրության ընդունմամբ>>, - ասել է Բակո Սահակյանը: Այնուհետեւ Նախագահը մասնակցել է մայրաքաղաքում Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի եւ խաղաղություն խորհրդանշող <<Խատուտիկ>> հուշարձաններիի բացման հանդիսավոր արարողություններին: Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ Նախագահը <<Արիության համար>> մեդալով պարգեւատրել է մարտական գործողությունների ժամանակ վիրավորված եւ այստեղ ապաքինվող ՊԲ շարքային Ռուդիկ Մանասերյանին: