ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպմանն առնչվող հարցեր: Զեկուցումներով հանդես են եկել ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը եւ փրկարար ծառայության տնօրեն Արսեն Սարգսյանը: Շրջաններում իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ են ներկայացրել շրջվարչակազմերի ղեկավարները: Հրդեհների դեմ պայքարը եւ հացահատիկային մշակաբույսերի անվտանգ բերքահավաքը արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով Նախագահ Բակո Սահակյանը կառավարությանը հանձնարարել է մինչեւ 2009թ. հունիսի 15-ը ձեւավորել օպերատիվ շտաբ` հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ: Երկրի ղեկավարը ընդգծել է, որ հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող այս խնդրի հաջող եւ արդյունավետ լուծման նպատակով բոլոր կառույցներից եւ գերատեսչություններից պահանջվում է համատեղ եւ համակարգված աշխատանք, ավելացնելով, որ ողջ գործընթացը գտնվելու է իր անմիջական վերահսկողության տակ: