Խորհրդակցություն` նվիրված Շահումյանի շրջանում տիրող իրավիճակին եւ հետագա զարգացման հեռանկարներին
Մայիսի 14-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Շահումյանի շրջանում տիրող իրավիճակին եւ հետագա զարգացման հեռանկարներին: Խորհրդակցության ժամանակ քննարկվել է շրջանի կենսագործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Բակո Սահակյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին` ընդգծելով բարձրացված խնդիրներին ըստ առաջնահերթության մոտեցման, ինչպես նաեւ օպերատիվ եւ համակողմանի լուծման անհրաժեշտությունը: Նախագահը կարեւորել է շրջանի տարբեր ոլորտները անհրաժեշտ կադրերով համալրելու հարցը: Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: