Բակո Սահակյանն ընդունել է “Հայաստան” համահայկական հիմնադրամի պատվիրակությանը
Մայիսի 14-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է "Հայաստան" համահայկական հիմնադրամի պատվիրակությանը` հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին աշխարհի տարբեր երկրներում գործող հիմնադրամի տեղական մարմինների ատենապետներ եւ հոգաբարձուների խորհրդի վերստուգիչ կոմիտեի անդամ Վահե Ճազմատարյանը: Հանդիպման սկզբում Բակո Սահակյանը ԼՂՀ պետական պարգեւներ է հանձնել հիմնադրամի մի խումբ անդամների` Արցախում հիմնադրամի ծրագրերի իրականացմանը ցուցաբերած գործուն մասնակցության համար: Այնուհետեւ Նախագահը պատասխանել է ներկաների բարձրացրած հարցերին: Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է Լեռնային Ղարաբաղում հիմնադրամի գրասենյակի բացման մասին, համարելով այն տեղում աշխատանքները ավելի օպերատիվ եւ արդյունավետ իրականացնելու կարեւոր գործոն: Խոսելով հիմնադրամի հետ հետագա համագործակցության խորացման եւ ընդլայնման մասին, երկրի ղեկավարն ընգծել է աշխատանքների բարձր որակի, շինարարության կուլտուրայի ապահովման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Նախագահը կարեւորեց նաեւ "Հայաստան" համահայկական հիմնադրամի կառույցների կողմից Սփյուռքի մտավոր ներուժի օգտագործումը մեր հանրապետության տարբեր ոլորտներում կադրերի որակավորման բարձրացման հարցում: Բարձր պարգեւների արժանանալու առթիվ հիմնադրամի պատվիրակության անդամները երախտագիտություն հայտնեցին ԼՂՀ Նախագահին, ինչպես նաեւ պատրաստակամություն` այսուհետ եւս աջակցություն ցուցաբերել Արցախի շենացման եւ բարգավաճման գործին: