Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունից եւ ԱՄՆ-ից ժամանած մի խումբ մշակույթի գործիչների եւ դերասանների, ովքեր Ստեփանակերտում կբեմադրեն Ֆրանց Վերֆելի <<Մուսա լեռան քառասուն օրը>> վեպի մոտիվներով գրական-երաժշտական ներկայացումը:
Նախագահը կարեւորել է Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ուժերի համադրումը համազգային նշանակություն ունեցող իրադարձությունների լայն լուսաբանման գործում, ինչը հանդիսանում է մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու, ինչպես նաեւ միջազգային հանրությանը հայ ժողովրդի պատմությանը ծանոթացնելու հիմնական ուղղություններից մեկը:
Երկուստեք նշվել է, որ նման միջոցառումները պետք է պարբերաբար կազմակերպվեն Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի տարբեր օջախներում:
Հանդիպմանը մասնակցում էին մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը:
2011-05-21