Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին այցելել է Հադրութի շրջան:
Բանաձոր գյուղում Նախագահը հանդիպում է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ եւ քննարկել գյուղում առկա խնդիրները:
Առաքել գյուղում Նախագահը մասնակցել է մանկապարտեզի նոր շենքի բացման արարողությանը: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարներ Արարատ եւ Նարինե Հովսեփյաններին իրենց հարազատ գյուղում տարբեր ծրագրերի իրականացման, այդ թվում նաեւ` մանկապարտեզի կառուցման համար՝ ընդգծելով նման հայրենանվեր ձեռնարկների հոգեբանական եւ սոցիալ-տնտեսական նշանակությունը: Երկրի ղեկավարը կարեւորել է պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնման գործընթացը` առանձնակի շեշտելով դպրոցական եւ նախադպրոցական ցանցի զարգացման անհրաժեշտությունը:
Արեւշատ գյուղում Նախագահը հանդիպում է ունեցել Հադրութի շրջանի կենտրոնական եւ հարավային մասում գտնվող բնակավայրերի համայնքների ղեկավարների հետ: Համայնքապետերը ներկայացրել են գյուղերի սոցիալ-տնտեսական իրավիճակը, առկա հիմնախնդիրները եւ զարգացման ծրագրերը:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ շրջանում առկա է զարգացման մեծ ներուժ, եւ պետությունը նախատեսել է շրջանում`հատկապես նրա հարավային մասում իրականացնել մի շարք խոշոր ծրագրեր, մասնավորապես, գյուղատնտեսության եւ վերամշակող արդյունաբերության ոլորտներում: Նախագահի խոսքով` դա դրականորեն կազդի ոչ միայն շրջանի, այլեւ հանրապետության տնտեսության զարգացման վրա:
Բակո Սահակյանը նշել է, որ այդ ծրագրերի հաջող իրականացման համար առանձնակի նշանակություն ունի տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությունը եւ այս համատեքստում նրանցից ակնկալում է կազմակերպված ու ակտիվ մասնակցություն:
Նախագահն այցելել է նաեւ Քաշաթաղի շրջանի հարավային թեւում գտնվող Թովմասար ձորակը եւ տեղում ծանոթացել իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:
Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
2011-06-19