Արցախի Հանրապետության հռչակման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Երկրի ղեկավարը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, ՀՀ եւ ԼՂՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Արկադի Ղուկասյանի հետ միասին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին: Նախագահը մասնակցել է նաեւ երեկոյան մայրաքաղաքի մարզադաշտում կազմակերպված տոնական միջոցառմանը եւ հանդես եկել շնորհավորական խոսքով: Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից եւ արտերկրից: