ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Շուշի քաղաքից 14 կմ հեռավորության վրա գտնվող Թադեւոսի աղբյուրներ եւ մասնակցել Շուշի քաղաք մտնող ջրատարի բացման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը կարեւորել է ջրատարի նշանակությունը Շուշիի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, հավելելով, որ նման կոնկրետ աշխատանքը լավագույն պատասխանն է Արցախի ապագայի շուրջ բոլոր շահարկումներին:
Նախագահը պետական պարգեւներ եւ արժեքավոր նվերներ է հանձնել նախագծի իրականացման գործում ակտիվ մասնակցություն ունեցած անձանց:
Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է նաեւ Շուշի քաղաքում կառուցվող ԼՂՀ պաշտպանության բանակի օբյեկտներից մեկը եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:
Միջոցառումներին ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, <<Շուշի վերածնունդ>> հասարակական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Երվանդ Զախարյանը, պաշտոնատար այլ անձինք եւ Հայաստանից ժամանած հյուրեր:
2009-12-13