Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 18-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 31-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու մասին:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար <<Արիության համար>> մեդալով պարգեւատրվել է 9 հոգի, այդ թվում` 2-ը հետմահու:
Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար <<Մարտական ծառայություն>> մեդալով պարգեւատրվել է 151 հոգի, այդ թվում` 14-ը հետմահու:
Առողջապահության, կրթության եւ գիտության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար <<Վաչագան Բարեպաշտ>> մեդալով պարգեւատրվել են 3 հոգի, <<Երախտագիտություն>> մեդալով` 4 հոգի:
Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Գեորգի Շահրամանյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
2009-08-31