Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին այցելել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան եւ մասնակցել բուհի գիտական խորհրդի ընդլայնված նիստին՝ նվիրված ԼՂՀ հռչակման 20-ամյակին: Համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը Նախագահ Սահակյանին է հանձնել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի պատվո շքանշանը եւ պատվավոր դոկտորի վկայականը: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել նման գնահատանքի համար: Իր խոսքում Նախագահն անդրադարձել է մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ներհայկական փոխգործակցությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին եւ հեռանկարներին: Երկրի ղեկավարը կարեւորել է նաեւ Արցախի բուհերի եւ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի միջեւ կապերի խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Հանդիպման վերջում Բակո Սահակյանը պատասխանել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության կողմից բարձրացված հարցերին: