Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 29-ին այցելել է Բերձոր շրջկենտրոնում կառուցվող հիվանդանոցի եւ Աղավնո բնակավայրի մոտակայքում Սյունիք-2 հիդրոէլեկտրակայանի շինհարթակներ ու ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին:
Նախագահը եղել է նաեւ Իշխանաձոր գյուղում տեղակայված Քաշաթաղի ագրոտեխնիկական կայանում:
Այնուհետեւ երկրի ղեկավարն ուղեւորվել է Քաշաթաղի շրջանի հարավային թեւ: Երիցվանք գյուղում Բակո Սահակյանը ծանոթացել է ջերմոցային տնտեսության, Միջնավան քաղաքում՝ բրիկետային արտադրամասի, իսկ Ծոբաձոր գյուղում՝ ոչխարաբուծական տնտեսության աշխատանքներին: Բակո Սահակյանը կարեւորել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացումը Քաշաթաղի հարավային թեւում եւ տնտեսական, եւ սոցիալական տեսանկյուններից՝ միաժամանակ նշելով, որ այն հանդիսանում է կարեւոր գործոն տեղերում նախաձեռնողականության խթանման համար:
Նույն օրը Նախագահն այցելել է Կովսական քաղաք եւ ծանոթացել այնտեղ իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքին: Երկրի ղեկավարը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Քաշաթաղի շրջանի հարավային թեւի համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված համայնքների զարգացման հետ կապված հարցերին:
Բակո Սահակյանը նշել է, որ հարավային թեւի սոցիալ-տնտեսական առաջընթացը դրականորեն կազդի ինչպես Քաշաթաղի շրջանի, այնպես էլ հանրապետության ողջ հարավային գոտու զարգացման վրա: Այս տեսանկյունից երկրի ղեկավարը շրջանում ենթակառուցվածքների զարգացումը համարել է նախանշված ծրագրերի հաջող իրականացման կարեւոր նախապայմաններից մեկը:
Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
2011-04-29