Հանդիպում <<Արտաքսված եւ վտարանդի անձանց եվրոպական միության>> պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 25-ին ընդունել է <<Արտաքսված եւ վտարանդի անձանց եվրոպական միության>> պատվիրակությանը՝ կազմակերպության ղեկավար Մասիմիլիանո Լակոտայի գլխավորությամբ: Նախագահը բարձր է գնահատել միության ջանքերն՝ ուղղված ցեղասպանությունների ճանաչմանն ու դատապարտմանը, հակամարտություններից տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը՝ այն համարելով մարդու իրավունքների պաշտպանության կարեւոր ուղղություններից մեկը: Բակո Սահակյանը նշել է, որ մարդասիրական հարցերը չպետք է քաղաքականացվեն եւ այս տեսանկյունից ողջունել է հյուրերի աջակցությունն ու պատրաստակամությունը՝ Արցախում հաստատված փախստականների հիմնախնդիրները եվրոպական տարբեր ատյաններում ներկայացնելու գործում: Երկուստեք նշվել է, որ փոխգործակցության համար առկա են բոլոր հնարավորությունները եւ անհրաժեշտ ներուժը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: