Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 26-ին հանդիպում է ունեցել հանրապետության արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ:
2010 թվականին կատարված աշխատանքերի, առկա խնդիրների եւ անելիքների մասին զեկուցումներով հանդես են եկել արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանը, շրջանային մարմինների ղեկավարները եւ կառույցի տարբեր ոլորտների պատասխանատուներ:
Երկրի ղեկավարը կարեւորել է արհմիությունների դերը ժողովրդավարական, սոցիալական ուղղվածությամբ շուկայական տնտեսություն ունեցող երկրների կյանքում` նշելով, որ հենց այս օղակն է շատ ժամանակ կարգավորում աշխատանքի, աշխատողների շահերին վերաբերող բազմաթիվ առանցքային հարցեր:
Նախագահը անհրաժեշտ է համարել նոր թափ հաղորդել արհմիությունների գործունեությանը` ընդգծելով, որ կառաույցի ղեկավար կազմը ավելի ակտիվ դերակատարություն պետք է ունենա երկրի զարգացման մեջ` գործուն մասնակցություն ցուցաբերելով տարբեր միջոցառումներում, այդ թվում նաեւ Նախագահի կողմից կազմակերպվող:
Հանդիպման ավարտից հետո Նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված արհմիությունների կողմից բարձրացված հիմնախնդիրներին:
Քննարկված հարցերի լուծման կապակցությամբ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Միջոցառումներին մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
2011-01-26