Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ մարտի 13-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետության արտաքին գործերի նախարարության 2009 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը եւ 2010 թվականի անելիքներին:
Զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, արտերկրում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների ղեկավարները:
Իր խոսքում Նախագահն անդրադարձել է մեր երկրի արտաքին քաղաքականության հայեցակարգին եւ ԱԳՆ կենտրոնական ապարատի ու ներկայացուցչությունների աշխատանքին:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմքում ընկած են հավասարակշռվածության եւ բազմաուղղվածության սկզբունքները, ինչը պայմանավորված է ինչպես մեր տարածաշրջանի յուրահատկությամբ, այնպես էլ Սփյուռքի առկայությամբ:
Բակո Սահակյանը բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնումը, Արցախի` որպես բանակցային լիիրավ կողմի մասնակցությամբ, համարել է հակամարտության կարգավորման առանցքային բաղադրամասերից մեկը:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել արտաքին գործերի նախարարությանը եւ արտերկրում մեր դիվանագիտական առաքելությունների պատասխանատուներին` գերատեսչության առջեւ ծառացած խնդիրներն արդյունավետ կերպով լուծելու համար:
2010-03-13