Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին այցելել է հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղ եւ հանդիպել համայնքի ներկայացուցիչների հետ:
Երկրի ղեկավարը նշել է, որ Բերդաշենում, որտեղ առկա են դինամիկ զարգացման համար բոլոր պայմանները, անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել կառավարման արդյունավետության բարձրացմանը, մասնավորապես, տեղական եւ շրջանային կառավարման օղակների միջեւ համագործակցության խորացմանը:
Այնուհետեւ Նախագահը ծանոթացել է Մարտունու շրջանում կառուցվող հանրապետական եւ շրջանային նշանակություն ունեցող մի շարք մայրուղիների շինարարության ընթացքին:
Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել կատարվող աշխատանքների կապակցությամբ, հավելելով, որ անհրաժեշտ է պահպանել աշխատանքների որակն ու տեմպերը:
Այցելության վերջում Նախագահ Սահակյանը ամփոփիչ խորհրդակցություն է հրավիրել Մարտունի շրջկենտրոնում գործող դաշտային շտաբ-ճամբարում՝ հանձնարարականներ տալով համապատասխան կառույցների ղեկավարներին ու պատասխանատուներին:
Նախագահին ուղեկցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
2010-06-03