Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին այցելել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն եւ հանդիսավոր պայմաններում պետական պարգեւներ հանձնել շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների: 
ԼՂՀ-ին ցուցաբերած աջակցության համար բարերար Վարդան Սերմաքեշին է հանձնվել <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշան, իսկ հասարակական գործիչ Արդեն Շելեֆյանին` <<Վաչագան Բարեպաշտ>> մեդալ:
Նույն օրը Բակո Սահակյանը Ժնեւի հայկական կենտրոնում հանդիպում է ունեցել շվեյցարահայ մի շարք կազմակերպությունների ղեկավարների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակը, մեր հանրապետության արտաքին քաղաքականությունը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլն ու հեռանկարները:
Բակո Սահակյանն անդրադարձել է նաեւ ներհայկական կապերի խորացմանը` նշելով, որ Հայաստան-
Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդումը հանդիսանում է ղարաբաղյան պետականության ամենակարեւոր հիմքերից մեկը: Այս համատեքստում Նախագահ Սահակյանը կարեւորել է Շվեյցարիայի հայ համայնքի հետ հարաբերությունների զարգացումը` շեշտելով դրանց նոր լիցք հաղորդելու անհրաժեշտությունը: Նախագահը նաեւ պատասխանել է հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված հարցերին:
Միջոցառումներին մասկակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Սաթենիկ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք:
2011-11-09