Բակո Սահակյանը Մոսկվա քաղաքում մասնակցել է «Հայաստան» խանութի վերաբացման հանդիսավոր արարողությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին Մոսկվա քաղաքում մասնակցել է կապիտալ վերանորոգված «Հայաստան» խանութի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Բակո Սահակյանը նշել է, որ խանութը ոչ միայն պահպանել է իր պատմական տեսքը, այլ նաեւ դարձել ժամանակակից պահանջներին ավելի համապատասխանող մի վայր, որի գործունեությունը դրական է ազդում Մոսկվայում հայրենական ապրանքների ու հայ մշակույթի ներկայացման վրա: Նախագահը կարեւորել է նաեւ խանութում Արցախում արտադրված ապրանքների տեսականու ընդլայնման խնդիրը: Միջոցառմանը մասնակցում էին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ԼՂՀ Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը եւ ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը: