Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Մոնտեվիդեո քաղաքում այցելել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության ներկայացուցիչների պալատ եւ հանդիպել պալատի խոսնակ Լուիս Լակալյեի, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Մարիա Էլենա Լաուրնագայի, ներկայացուցիչների պալատի եւ Սենատի մի խումբ անդամների հետ:
Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, Արցախ-Ուրուգվայ կապերի զարգացմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Ուրուգվային հայ ժողովրդին մշտապես սատարելու համար` հավելելով, որ մեր ժողովուրդը երբեք չի մոռանա, որ հենց այդ պետությունն է առաջինը աշխարհում պաշտոնապես ճանաչել 1915 թվականի ցեղասպանությունը:
Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ Արցախի եւ Ուրուգվայի անկախության ուղիներն ունեն շատ նմանություններ, ինչը ավելի է մերձեցնում մեր եկրները:
Խոսելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին` Նախագահն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է խաղաղ կարգավորմանը, ինչը սակայն ամենեւին էլ Արցախի թուլության կամ անցյալին վերադառնալու հնարավորության նշան չէ:
Երկուստեք նշվել է երկկողմ հարաբերությունների զարգացման շահագրգրվածության մասին: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Ուրուգվայի հետ կապերի սերտացումը դրականորեն կազդի ինչպես տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման, այնպես էլ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման վրա:
Հանդիպումից հետո երկրի ղեկավարը Ուրուգվայի պատգամավորների հետ հարգանքի տուրք է մատուցել այդ պետության ազգային հերոս Խոսե Արտիգասի շիրիմին:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արգենտինայում, Ուրուգվայում եւ Չիլիում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նույն օրը ԼՂՀ պատվիրակությունը վերադարձել է Բուենոս Այրես:
2011-12-01