Բակո Սահակյանը ծանոթացել է Չակո նահանգի ագրոարդյունաբերական համալիրների աշխատանքի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին այցելել է Արգենտինայի Հանրապետության հյուսիսում գտնվող Չակո նահանգ եւ ծանոթացել ագրոարդյունաբերական համալիրների աշխատանքի հետ: Առանձնակի հետաքրքրություն է առաջացրել նահանգի փորձը գյուղատնտեսության ինտենսիվ զարգացման, տոհմային անասնաբուծության, ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման եւ գյուղմթերքների վերամշակման ոլորտներում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոհիշյալ ոլորտներում համագործակցության հաստատման շուրջ, ինչը Նախագահ Սահակյանը կարեւոր է համարել մեր հանրապետության գյուղատնտեսության զարգացմանը նոր որակ հաղորդելու տեսանկյունից: Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, արգենտինահայ գործարարներ եւ բարերարներ: