
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին Մոսկվա քաղաքում այցելել է Ռուսաստանում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակության նստավայր: Նախագահը Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի հետ շրջել է նոր մայր տաճարի եւ եկեղեցական համալիրի շինահարթակում ու ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:
Այնուհետեւ Բակո Սահակյանը Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի հետ քննարկել է Հայրենիք-Սփյուռք, եկեղեցի-հասարակություն կապերին առնչվող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայ Առաքելական եկեղեցու դերը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, հայրենիքից դուրս ապրող մեր հայրենակիցների համախմբման եւ նրանց հայեցի դաստիարակման գործում: Երկրի ղեկավարը նշել է, որ Մոսկվա քաղաքում կառուցվող նոր եկեղեցական համալիրը մեծապես կնպաստի վերոհիշյալ խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի հետագա ամրապնդմանը:
Հանդիպմանը մասնակցում էին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ԼՂՀ Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, պաշտոնատար այլ անձինք:
2011-12-21