Հուլիսի 24-ից 25-ը Նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով գտնվում էր հանրապետության Մարտակերտի եւ Շահումյանի շրջաններում:
Մարտակերտի շրջանում Բակո Սահակյանն այցելել է Մադաղիսի, Սարսանգի, Թրղե-1 եւ կառուցվող Թրղե-2 հիդրոէլեկտրակայաններ եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին:
Հաթերք գյուղի մոտ տեղակայված դաշտային շտաբ-ճամբարում երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման հարցերի շուրջ: Զեկույցներով հանդես են եկել ԿԱ արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Կառլեն Պետրոսյանը եւ <<ԱրցախՀԷԿ>> ընկերության գործադիր տնօրեն Վահրամ Բեգլարյանը:
Նախագահը կարեւորել է էներգետիկայի բնագավառը` այն համարելով մեր երկրի զարգացման ռազմավարական ուղղություներից մեկը, եւ ընդգծել այդ ոլորտում կադրերի պատրաստման հիմնախնդրի նշանակությունը` որպես դրա առաջընթացի ապահովման գրավական:
Նույն օրը Նախագահն այցելել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածը:
Արցախի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը կարեւորել է հյուսիսային հատվածի նշանակությունը երկրի սահմանների անվտանգության ապահովման գործում, եւ ընդգծել, որ իշխանությունները այսուհետ եւս ամեն ինչ կանեն պաշտպանության բանակի մարտունակությունը բարձր պահելու համար: Երկրի ղեկավարը արժեքավոր նվերներ է հանձնել մի շարք սպաների եւ զինվորների:
Հուլիսի 25-ին Նախագահ Սահակյանն այցելել է Շահումյանի շրջան եւ Քարվաճառ շրջկենտրոնում ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքներին: Այնուհետեւ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն:
Բակո Սահակյանը նշել է, որ անհրաժեշտ է մշակել Քարվաճառ շրջկենտրոնում բնակարանաշինության նոր ծրագիր, որը դրական լիցք կհաղորդի քաղաքի զարգացմանը: Այդ համատեքստում Նախագահը հատուկ ընդգծել է իրականացվող աշխատանքների բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրանք կլինեն իր անմիջական վերահսկողության ներքո:
Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է Մեծ եւ Փոքր Ալ լճերի ավազանը եւ ծանոթացել այնտեղ նախատեսվող մի շարք ծրագրերի նախագծերին:
Այնուհետեւ Ծար գյուղում Բակո Սահակյանը հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ, որից հետո այցելել այնտեղ գտնվող հանրապետական տոհմային կայան: Նախագահը նշել է, որ Շահումյանի շրջանի զարգացումը հանրապետության համար ունի ռազմավարական կարեւորագույն նշանակություն: Այս համատեքստում Բակո Սահակյանը կարեւորել է գյուղատնտեսության, հատկապես՝ անասնապահության զարգացումը, որի համար շրջանում առկա է հսկայական ներուժ:
Այցելությունների ժամանակ Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
2010-07-26