Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 27-ին այցելել է Մարտունու շրջանի Սոս եւ Ճարտար գյուղերը, որտեղ հանդիպել է համայնքների բնակչության հետ:
Հանդիպումների ժամանակ տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկրի զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ ժողովրդին հուզող կենսական հարցերի շուրջ:
Նախագահը նշել է իշխանությունների ներկայացուցիչների եւ ժողովրդի միջեւ նման անմիջական հանդիպումների անցկացման անհրաժեշտությունը` իրավիճակին տեղում ծանոթանալու եւ համայնքներում առկա խնդիրները վերհանելու նպատակով: Բակո Սահակյանը հորդորել է տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին տեղերում լինել ավելի ակտիվ եւ նախաձեռնողական, հոգատար վերաբերմունք ցուցաբերել գյուղի բնակչության նկատմամբ:
Այնուհետեւ երկրի ղեկավարն այցելել է Մարտունի շրջկենտրոնում ստեղծված դաշտային շտաբ-ճամբար, որտեղ տարբեր ոլորտների պատասխանատուները զեկուցել են Նախագահին շրջանում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին:
Նախագահին ուղեկցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
2010-05-27