Հանդիպում <<Տնջրե>> երիտասարդ կատարողների միջազգային երաժշտական փառատոնի մի խումբ մասնակիցների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 29-ին ընդունել է <<Տնջրե>> երիտասարդ կատարողների միջազգային երաժշտական փառատոնի մի խումբ մասնակիցների: Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառման անցկացումն Արցախում՝ այն համարելով նշանակալի իրադարձություն ինչպես հանրապետության կյանքում, այնպես էլ տարբեր երկրների հետ մշակութային կապերի ստեղծման ու ամրապնդման գործում: Բակո Սահակյանը նշել է, որ մշակութային ոլորտը մեր հանրապետության զարգացման առանցքային ուղղություններից մեկն է եւ հանդիսանում է Արցախը արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու լավագույն միջոցներից մեկը: Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: