Արցախի Հանրապետության Նախագահը ստորագրել է հրամանագիր` 2010 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր` 2010 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Ըստ հրամանագրի` 2010 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության աշնանային զորակոչ, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնք կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը: Հրամանագրի համաձայն` 2010 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները: Արցախի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում: