ԼՂՀ եւ ՀՀ Նախագահներն այցելել են Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին հունվարի 5-ին այցելել է Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում տեղակայված տոհմային կայան եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Այնուհետեւ նախագահները ուղեւորվել են Մարտակերտի շրջան: Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը ծանոթացել են Մարտակերտ շրջկենտրոնի նոր հիվանդանոցի պայմաններին, որից հետո մեկնել են Մաղավուզի քարածխի հանք եւ տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Նույն օրը նախագահները մասնակցել են նաեւ "Թրղի-2'' ՀԷԿ-ի բացման հանդիսավոր արարողությանը: Բակո Սահակյանը նշել է, որ Մաղավուզի հանքավայրի շահագործումը եւ Արցախում նոր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նոր որակ կհաղորդի հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ էներգետիկ ինքնաբավությանը` ընդգծելով, որ Ղարաբաղի բոլոր ձեռքբերումների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, որի շարունակական ամրապնդումը մեր պետականության հիմնասյուներից մեկն է: Նախագահներին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: