ԼՂՀ ու ՀՀ Նախագահներն այցելել են Իվանյան գյուղ եւ պաշտպանության նախարարություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին հունվարի 4-ին Իվանյան գյուղում մասնակցել է կապիտալ վերանորոգված Վալերի Մարությանի անվան ռազմական հոսպիտալի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սահակյանը կարեւորել է այս հաստատության նշանակությունը պաշտպանության բանակի համար՝ նշելով, որ զինծառայողների բուժսպասարկման խնդիրը հանդիսանում է զինված ուժերի մարտունակության կարեւոր բաղադրամասերից մեկը, եւ պետությունն այսուհետ էլ ուշադրության կենտրոնում կպահի նմանատիպ խնդիրների լուծումը: Նույն օրը նախագահները ներկա են գտնվել նաեւ պաշտպանության բանակի ուսումնական կենտրոններից մեկում կազմակերպված ցուցադրական պարապմունքներին, որից հետո ԼՂՀ պաշտպանության նախարարությունում հանդիպում են ունեցել պաշտպանության բանակի ղեկավար կազմի հետ: Միջոցառումներին մասնակցում էին ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարները, պաշտոնատար այլ անձինք: