Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին ընդունել է սպորտի եւ մշակույթի բնագավառների մի խումբ ներկայացուցիչների:
Բակո Սահակյանը գոհունակություն ու երախտագիտություն է հայտնել հրավիրվածներին հաղթանակների ու ձեռքբերումների համար՝ նշելով, որ դրանով նրանք բարձր են պահել Արցախի անունն ու պատիվը:
Նախագահը նաեւ նշել է, որ այդ հաջողությունները հանդիսանում են սպորտի եւ մշակույթի միջոցով Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու, միջազգային հանրությանը արժանավայել կերպով ներկայանալու, քաղաքակիրթ աշխարհում մեր արժանի տեղը զբաղեցնելու կարեւոր միջոցներից մեկը:
Հանդիպման վերջում երկրի ղեկավարն արժեքավոր նվերներ եւ դրամական պարգեւներ է հանձնել 2011 թվականին բացառիկ հաջողություններ արձանագրած սպորտի եւ մշակույթի բնագավառների ներկայացուցիչներին:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
2011-12-29