Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է մեր հանրապետությունում գտնվող Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբային եւ նրան ուղեկցող անձանց:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:
Երկուստեք նշվել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ վերջնական կայունության հաստատման համար անհրաժեշտ է լիարժեք երկխոսություն հաստատել հակամարտող բոլոր կողմերի միջեւ:
Երկրի ղեկավարը եւ Տոմաշ Պորեբան կարեւորել են Եվրոպայի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում` միաժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է որակապես նոր լիցք հաղորդել եվրոպական տարբեր կառույցների եւ Արցախի միջեւ կապերին: Այս համատեքսում նրանք կարեւորել են նաեւ այցերը Լեռնային Ղարաբաղ, ինչը թույլ կտա ավելի հստակ պատկերացում կազմել մեր հանրապետությունում եւ ամբողջ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
2010-12-19