Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 28-ին ընդունել է <<Լոռի-Մարտակերտ.բարեկամության կամուրջներ>> ծրագրի շրջանակներում Արցախում գտնվող Լոռու մարզի պատվիրակությանը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ: Երկրի ղեկավարը Հայաստանի մարզերի եւ Արցախի շրջանների միջեւ կապերի շարունակական խորացումն ու ընդլայնումը համարել է օգտակար երկու հայկական հանրապետությունների համար եւ կարեւոր ներհայկական կապերի ամրապնդման տեսանկյունից: Այս համատեքստում Բակո Սահակյանը բարձր է գնահատել Լոռու մարզի ներդրումը՝ հավելելով, որ նրա համագործակցությունը Մարտակերտի շրջանի հետ նկատելի ազդեցություն է գործում վերջինիս սոցիալ-տնտեսական զարգացման վրա: Քննարկվել են նաեւ երկու հայկական պետությունների կենսագործունեության տարբեր ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիկոպոս Չուլջյանը, ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, <<Բեյզ Մեթըլս>> ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանը, պաշտոնատար այլ անձինք: