Հանդիպում հանրապետությունում գործող երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին հանդիպում է ունեցել հանրապետությունում գործող երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը եւ երիտասարդների կյանքին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ երիտասարդների հետ պարբերական հանդիպումները պայմանավորված են հասարակության եւ պետության զարգացման գործում նրանց դերակատարության շարունակական բարձրացման մեջ շահագրգռվածությամբ: Այս համատեքստում Նախագահ Սահակյանը նշել է, որ երիտասարդական կազմակերպությունների աշխատանքներին պետք է նոր որակ հաղորդել, ավելի խորացնել ու ընդլայնել փոխգործակցությունը պետական եւ հասարակական հատվածների, Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների հետ: Հանդիպմանը ներկա էին մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: