Հանդիպում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատվիրակությանը՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, բուհի կառավարման խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Այս համատեքստում Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դերը ինչպես Արցախի բարձրագույն կրթության զարգացմանն աջակցելու, այնպես էլ մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործում: Նախագահը կարեւորել է նաեւ հայաստանյան այս առաջատար բուհի եւ Արցախի պետական համալսարանի միջեւ կապերի ամրապնդումը՝ այն համարելով երկկողմ փոխգործակցության զարգացման կարեւոր պայմաններից մեկը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք: