Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 15-ին այցելել է Մարտակերտի շրջան:
Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Հովտաշեն, Կիչան եւ Նոր Ղազանչի գյուղերում Նախագահը հանդիպում է ունեցել տեղի համայնքների ներկայացուցիչների հետ եւ քննարկել առկա հիմնախնդիրները:
Այնուհետեւ Վանք գյուղում երկրի ղեկավարը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Մարտակերտի շրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված խնդիրներ: Նախագահը նշել է, որ Մարտակերտի շրջանը պատերազմական գործողությունների հետեւանքով հանրապետության ամենատուժած շրջաններից է, որն ունի նաեւ հսկայական ներուժ, եւ շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար անհրաժեշտ է ճիշտ օգտագործել այդ ներուժը:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ շրջանի զարգացումը գտնվում է հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում՝ միաժամանակ շեշտելով, որ ցանկալի արդյունքների հասնելու համար կարեւոր է նաեւ տեղում աշխատանքների ճիշտ կազմակերպումը, եւ այս գործում մեծ դերակատարություն ունեն համայնքները:
Մարտակերտի շրջանում իրականացվող ծրագրերի պատշաճ կատարման ուղղությամբ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
2011-01-15