"Հայաստան" համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Նոյեմբերի 18-ին Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Ավետիք Իզմիրլյանի, Կենտրոնական կոմիտեի անդամներ Քրիս Գյուլջյանի եւ Վարուժ Ուրֆալյանի, Հայ օգնության միության Ամերիկայի արեւմտյան շրջանի ատենապետուհի Արուսյակ Մելքոնյանի, Համազգային միության ԱՄՆ արեւմտյան շրջանային վարչության ներկայացուցիչ Վիգեն Հաբոյանի եւ Հոմենետմեն ԱՄՆ արեւմտյան շրջանային վարչության ատենապետ Գառնիկ Աբրահամյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք փոխհարաբերություններին, հանրապետությունում սոցիալ-տնտեսական իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը` այն համարելով հայ ժողովրդի եւ նրա պետականության առջեւ ծառացած խնդիրները լուծելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
2010-11-18