Հանդիպում Հայաստանի Հանրապետության առողջապահության ազգային ինստիտուտի պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության առողջապահության ազգային ինստիտուտի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Դերենիկ Դումանյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը ողջունել է առողջապահության ազգային ինստիտուտի կողմից Արցախում տարածքային եւ տեղեկատվական-վերլուծական կենտրոններ ստեղծելու առաջարկը՝ ընդգծելով, որ դրանք մեծապես կնպաստեն մեր հանրապետությունում առողջապահության համակարգի զարգացմանը, այս ոլորտում կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Սերգեյ Մովսիսյանը, Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Զոյա Լազարյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը: