Խորհրդակցություն մայրաքաղաքի ջրամատակարարման հիմնախնդրի վերաբերյալ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման հիմնախնդրին: Խորհրդակցությանը, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչները, քննարկվել են մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի արդիականացման, այդ թվում` մաքրման կայանների շահագործման, ջրի որակի հսկողության հետ կապված հարցեր: Կարեւորելով ջրային համակարգի կենսական նշանակությունը մեր կյանքում` Բակո Սահակյանն ընդգծել է իրականացվող աշխատանքների բարձր որակի եւ անվտանգության պահպանման, ինչպես նաեւ այդ ոլորտում Հայաստանի համապատասխան կառույցների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: