Հանդիպում ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պատվիրակությանը` նախարարի տեղակալ Վարդան Արամյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են ֆինանսական ոլորտում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել կենսաթոշակային բարեփոխումներին: Նախագահը նշել է, որ կենսաթոշակային համակարգը հանդիսանում է սոցիալական ապահովության կարեւորագույն բաղադրամասերից մեկը, որն առնչվում է թե տնտեսական եւ թե բարոյական մի շարք գործոնների հետ: Բակո Սահակյանն ընդգծել է, որ այդ իսկ պատճառով համակարգում բարեփոխումների իրականացումն ինքնին պահանջում է հավասարակշռված ու համակարգված մոտեցում: Երկրի ղեկավարը կարեւորել է միջազգային փորձի ուսումնասիրությունը եւ այս գործընթացում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: