Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահա
կյանը ապրիլի 5-ին այցելել է Շահումյանի շրջան եւ մասնակցել Քարվաճառի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:
Նախագահ Սահակյանը հայրենիքի պաշտպանության եւ հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած ավանդի համար պետական պարգեւներ է հանձնել Արցախի ազատամարտի մի խումբ վետերանների, պաշտպանության բանակի զինծառայողների եւ շրջանի բնակիչների:
Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ Քարվաճառի ազատագրումը մեծ տոն է ոչ միայն Շահումյանի
շրջանի ու Արցախի, այլեւ համայն հայության կյանքում, որը ունեցավ ռազմական, քաղաքական եւ հոգեբանական առանցքային նշանակություն մեր ժողովրդի եւ հայոց անկախ պետականության համար: Նախագահն ընդգծել է, որ դժվար է գերագնահատել Շահումյանի շրջանի ռազմաքաղաքական նշանակությունը` հավելելով, որ այն հանդիսանում է մեր անվտանգության հիմնարար բաղադրամասերից մեկը, որն ապահովում է արցախցիների ռազմական, տնտեսական, ջրային անվտանգությունը: Բակո Սահակյանը Շահումյանի շրջանի զարգացումը որակել է որպես պետության առջեւ ծառացած ամենակարեւոր առաջադրաքներից մեկը` նշելով, որ այստեղ առկա հիմնախնդիրները մշտապես եղել են եւ կմնան իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ Ազգային ժողովի եւ կառավարության անդամներ, Հայաստանից ժամանած հյուրեր:
2013-04-05