Նախագահ Սահակյանը այցելել է ԼՂՀ ոստիկանություն եւ ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Կամո Աղաջանյանին
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին այցելել է ԼՂՀ ոստիկանություն եւ համակարգի աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Կամո Աղաջանյանին: Բակո Սահակյանը բարձր է գնահատել ոստիկանության նախկին պետ Ռոբերտ Շաֆերյանի ներդրումն ու ավանդը համակարգի կայացման ու զարգացման գործում եւ երախտագիտություն հայտնել նրան երկարամյա ծառայության համար: Նախագահը նշել է, որ Ռոբերտ Շաֆերյանը, ստանձնելով ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը, այսուհետ էլ կօգտագործի իր հարուստ փորձն ու գիտելիքները հայրենիքի զորացման գործում: Ներկայացնելով Կամո Աղաջանյանին` երկրի ղեկավարը նշել է, որ նրա աշխատանքային փորձը եւ մարդկային արժանիքները թույլ կտան նորանշանակ ոստիկանապետին պահպանել գերատեսչության ավանդույթները եւ նրա աշխատանքը դարձնել էլ ավելի արդյունավետ: