Հանդիպում <<Շուշին՝ հայկական մշակույթի օջախ>> միջազգային գիտական կոնֆերանսի մի խումբ մասնակիցների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է հայկական գրատպության 500-ամյակին նվիրված <<Շուշին՝ հայկական մշակույթի օջախ>> միջազգային գիտական կոնֆերանսի մի խումբ մասնակիցների: Հանդիպման սկզբում Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել ՀՀ ՊՆ Դ.Կանայանի անվան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ Հայկ Քոթանջյանին՝ մեր հանրապետությանը մատուցած ծառայությունների համար: Նախագահ Սահակյանը գոհունակություն է հայտնել նման միջազգային գիտաժողովը Արցախում՝ հատկապես Շուշիում անցկացնելու կապակցությամբ: Երկրի ղեկավարը նշել է, որ գիտաժողովի ժամանակ քննարկվող թեմաները կարեւոր են տարածաշրջանի պատմության, նրանում Արցախի եւ Շուշիի տեղի ու դերի ուսումնասիրման տեսանկյունից, ինչը մեծ հնարավորություն է տալիս հասկանալու ներկա իրավիճակը եւ հնարավոր զարգացումները: Անդրադարձ է կատարվել նաեւ հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի: Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության նախարարի պաշտոնակատար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: