Խորհրդակցություն նվիրված կենսաէներգիայի արտադրության հետ կապված հարցերին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ մայիսի 19-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում կենսաէներգիայի արտադրության հետ կապված հարցերին: Երկրի ղեկավարը կարեւոր է համարել այլընտրանքային էներգիայի զարգացումը` ինչպես առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման, թափոնների յուրացման, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանման տեսանկյունից: Բակո Սահակյանն ընդգծել է, որ հանրապետության իշխանությունները շահագրգռված են Արցախում կենսաէներգիայի զարգացմամբ եւ այս գործում կարեւորել է միջազգային փորձի կիրառումը: Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել կառավարությանը կենսաէներգիայի զարգացման հայեցակարգ մշակելու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: