Նախագահ Սահակյանը այցելել է հանրապետության հարավային թեւ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թեւ եւ այնտեղ ծանոթացել սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին: Կովսական քաղաքում երկրի ղեկավարը հանդիպել է բնակիչների հետ եւ զրուցել նրանց հուզող հարցերի շուրջ` նշելով, որ ենթաշրջանի առջեւ ծառացած խնդիրներն ու դրանց լուծումը մշտապես կլինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այնուհետեւ Նախագահ Սահակյանն այցելել է Թոնդիրգետի ոսկու հանքավայր եւ ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին: Երկրի ղեկավարն ընդգծել է լեռնահանքարդյունաբերական այս գործարանի նշանակությունը Քաշաթաղի շրջանի եւ ամբողջ հանրապետության կյանքում` նշելով, որ այն կլուծի միաժամանակ եւ սոցիալ-տնտեսական, եւ ժողովրդագրական մի շարք խնդիրներ: Նույն օրը Նախագահն այցելել է նաեւ «Հադրութի ագրոտնտեսություն» ՓԲԸ-ի Արաքսի մասնաճյուղ եւ ծանոթացել կառույցի աշխատանքներին: Նախագահը նշել է, որ նման ենթակառուցվածքի առկայությունն Արաքսի հովտում կնպաստի գյուղատնտեսական մեծ ներուժ ունեցող այս տարածքի զարգացմանը, ինչը նաեւ շոշափելի դերակատարություն կունենա հանրապետության ողջ ագրոարդյունաբերական համալիրի առաջընթացի ապահովման գործում: Բակո Սահակյանն այցելել է նաեւ հանրապետության հարավում տեղակայված Պաշտպանության բանակի զորամասերից մեկը եւ ծանոթացել նոր զորանոցի շենքի պայմաններին: