Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 26-ին մասնակցել է Շուշի քաղաքում <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցված Ղազանչեցոց փողոցի եւ Շուշիի կենտրոնական գրադարանի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողություններին:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին Շուշիում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար, ընդգծելով, որ քաղաքի զարգացման ամենահուսալի հիմքը հանդիսանում է հենց համայն հայության ուժերի համախմբումն ու այստեղ համատեղ ծրագրերի իրականացումը:
Արարողություններին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, փոխվարչապետ Սպարտակ Թեւոսյանը, կառավարության անդամներ, <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, հյուրեր սփյուռքից:
2011-05-26