Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին մասնակցել է դատախազության 2012 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, կառույցի պատասխանատու ներկայացուցիչներ:
Երկրի ղեկավարը դրական է գնահատել հաշվետու ժամանակահատվածում դատախազության կողմից կատարված աշխատանքները՝ շեշտելով, որ կառույցի եւ այլ ուժային մարմինների աշխատանքի շնորհիվ է մեր հանրապետությունում ապահովվել ակտիվ պայքարը հանցավորության եւ այլ բացասական երեւույթների դեմ, պատշաճ մակարդակով պահպանվել հասարակական կարգը, որի արդյունքում Արցախում հանցավորության մակարդակը մի քանի անգամ ավելի ցածր է, քան համաշխարհային ցուցանիշները:
Միեւնույն ժամանակ, Նախագահ Սահակյանը նշել է, որ դատախազության գործունեությունում արձանագրված դրական դինամիկան պահպանելու եւ էլ ավելի բարելավելու համար դեռեւս կան շատ անելիքներ՝ հավելելով, որ համակարգն ունի բոլոր հնարավորությունները իր գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման համար:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ հանրապետության իշխանություններն այսուհետ էլ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն համակարգի աշխատողների սոցիալական եւ աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ:
2013-02-16