Հանդիպում Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության հետ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական մայրաքաղաքների միջեւ կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ հսկայական ներուժ պարունակող Հայաստանի մայրաքաղաքի հետ հարաբերությունների զարգացումը մեծապես կնպաստի ոչ միայն Ստեփանակերտի, այլ նաեւ ողջ Արցախի սոցիալ-տնտեսական առաջընթացին: Այս համատեքստում Նախագահը ողջունել է Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանների միջեւ համագործակցության պայմանագրի ստորագրումը՝ այն որակելով իրավական անհրաժեշտ հիմք հետագա փոխգործակցության համար: Մեր հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Բակո Սահակյանը <<Երախտագիտություն>> մեդալ է հանձնել Նորք- Մարաշ բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանին: Հանդիպմանը ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, պաշտոնատար այլ անձինք: